Հանգստի ժամին
Վենետիկում երկնքից վարդի թերթիկներ են թափվում...
Դիմակահանդես երևույթը ծնունդ է առել Վենետիկում. դեռևս 1904 թ. քաղաքապետ Դոժ Վիտալե Ֆալիերոն պաշտոնական փաստաթղթերում ներմուծեց «դիմակահանդես» բառը։ Ոմանց կարծիքով` վերջինիս ստուգաբանությունը գալիս է իտալերեն «carnis laxatio» կամ «carnasciale»` «հրաժարվում եմ մսից» արտահայտությունից, ինչը պայմանավորված էր Մեծ Զատիկից առաջ միս չուտելու սովորությամբ։
Այսօր դիմակահանդեսը զերծ է ամեն տեսակ կրոնական ավանդույթներից և լոկ ուրախ ու շքեղ տոնախմբության է վերածվել։ Իսկ ահա մարդկանց մեկ այլ խումբ էլ կարծում է, որ «կառնավալ» տերմինի նախահայրն է լատիներեն «carrus navalis»-ը, որը կարելի է հասկանալ որպես զվարճանքի անիվ, տոնական խրախճանքների, փողոցային տոնական երթերի և թատերական խաղերի ամբողջություն։ Թե որքանով են այս վարկածները համապատասխանում իրականությանը, չգիտենք, սակայն 1296 թ. Վենետիկի հանրապետության Սենատը Մեծ Պահքին նախորդող օրը հռչակեց որպես տոնական։ Այդ օրվանից սկսած` սկիզբ առավ դիմակահանդեսային տոնախմբությունների «հասարակական հաշվարկը»։
XV դարի կեսերից մինչև XVI դարի վերջը դիմակահանդեսների կազմակերպմամբ զբաղվում էր Compagni di Calze - երիտասարդ բարձրաշխարհիկների միաբանությունը, որի անդամները միմյանցից տարբերվում էին իրենց գուլպաների գույներով։ Հանրապետության անկումից հետո` XIX դարում, Վենետիկը դադարեցրեց դիմակահանդեսների կազմակերպումը։ Այդ հիրավի գունեղ ավանդույթը վերականգնվեց միայն 1979 թ.։
Վենետիկյան դիմակահանդեսը կազմակերպվում է Զատիկից քառասուն օր առաջ՝ «մարդի գրա» օրը (ֆրանսերեն mardi gras - մեղա գալու օր), սակայն մասսայական հանդիսությունները սկսվում են դրանից երկու շաբաթ առաջ` այն բանից հետո, երբ քաղաքի Սան Մարկո կոչվող կենտրոնական հրապարակի վրայով թևածում է աղավնին։ Վաղնջական ժամանակներից դիմակահանդեսի բացման օրը զանգակատունը և հարակից հրապարակը միացնող ճոպանի վրայով կալանավոր էր անցնում և հրապարակի վրա վարդի թերթիկներ էր թափում։ Եվ եթե դժբախտը կես ճանապարհին ցած էր ընկնում, ապա համարվում էր, որ գալիք տարին վատն է լինելու, իսկ եթե, պատահաբար, ճոպանով հասնում էր վերջնակետին` նշանակում էր տարին խոստումնալից պետք է լինի։ Ժամանակի հետ կալանավորին փոխարինելու եկան ակրոբատները, այնուհետև արհեստական փայտե աղավնիները, որոնք, ճոպանի կեսին հասնելով, բացվում էին և վարդի թերթիկներ շաղում հրապարակի վրա։ 2001 թ. վենետիկցիները ցանկություն հայտնեցին վերականգնելու այդ հիրավի գեղեցիկ ավանդույթը, և արհեստական աղավնու փոխարեն կրկին ճոպան բարձրացավ հրեշտակի զգեստ հագած ակրոբատը։
Ընդհանրապես դիմակահանդեսները թատրոններում, մեծ հյուրանոցներում, սրճարաններում և փոքրիկ խաղատներում իրականացվող ներկայացումներ են, ուր համընդհանուր տոնական մթնոլորտ է տիրում, որտեղ հասարակ մարդիկ միաձուլվում են բարձրաշխարհիկ հասարակությանը, և դիմակների ներքո դժվար է հասկանալ, թե ով-ով է։ Ամենուր պարողներ և աճպարարներ են, թխվածքներ ու խորոված խնձոր վաճառողներ, կատակերգու դերասաններ և օձ վարժեցնողներ։ Քաղաքի հրապարակներում կազմակերպվում են պատմական նշանակության համերգներ և հրավառություններ։ Դիմակահանդեսի ժամանակ գինին և երաժշտությունը գետի պես «հոսում են», թատրոններում խաղում են դիմակահանդեսային ներկայացումներ, հին դղյակներում ընտրյալ հասարակության համար դիմակահանդեսային պարահանդեսներ են կազմակերպվում։ Վենետիկյան դիմակահանդեսի ամենատեսարժան իրադարձությունը Մեծ ջրանցքով անցնող զարդարված գոնդոլաների «շքերթն» է։ Սակայն դիմակահանդեսը լոկ Վենետիկի մենաշնորհը չէ. նմանատիպ տոնական շքահանդեսներ տեղի են ունենում աշխարհի շատ երկրներում։
Նիսը «դիմադրում է» ծաղիկների պատերազմին
Լազուրի ափում փետրվար ամիսն արդեն իսկ գարնան սկիզբն է ավետում։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին հասնում է մինչև 20°C, արևոտ և հաճելի եղանակը, ծովն ու բնությունն ասես ինքնին տոն են ավետում։ Նիսում դիմակահանդեսները ևս կազմակերպվում են ամեն տարի. բացառություն էին միայն երկրորդ համաշխարհային պատերազմի և Պարսից ծոցում տեղի ունեցող պատերազմի տարիները (1991 թ.)։ Նիսում տեղի ունեցող դիմակահանդեսների մասին առաջին տեղեկությունները վերաբերում են 1294 թ., որի մասին Անժուի դուքս Շառլը իր նոթատետրում նշել է, որ անմոռանալի զվարթ օր է անցկացրել։ Մերօրյա Նիսը շքեղություն խորհրդանշող քաղաք է դարձել։ Շքերթները, պարբերաբար կազմակերպվող դիմակահանդեսները, փողոցների շլացուցիչ լուսավորումը, Պրոմենադ դեզ Անգլեզ հրապարակում կազմակերպվող ծաղկի մրցույթը, ներկայացումները, բացօթյա ճաշկերույթները տևում են ոչ ավել, ոչ պակաս 15 օր։ Ձերդ Մեծություն Դիմակահանդեսը ամբոխի ուղեկցությամբ հանդիսավորությամբ «գալիս-հասնում է» Մասսեն հրապարակ։ Դիմակահանդեսի ամենաթեժ պահերին ամբոխը կարող է դառնալ անկառավարելի և անել անհնարին թվացող ամեն բան։
Ծաղիկների դիմակահանդեսային շքերթին (նմանօրինակ առաջին շքերթը կազմակերպվել է 1876 թ.) մասնակցում են 20 զարդարված սայլեր և հատուկ դիմակահանդեսի համար պատրաստված մոտ 600 հսկայական մեծ գլխով տիկնիկներ։ «Ծաղիկների պատերազմը» մի զարմանահրաշ իրադարձություն է. անցորդների աչքերի առջևով անցնում է սայլերի մի իսկական քարավան, որոնցից յուրաքանչյուրը բերնեբերան լցված է բնական ծաղիկներով։ 2 մ լայնություն, 11 մ երկարություն և 6 մ բարձրություն ունեցող սայլը լցնելու համար անհրաժեշտ է լինում մոտ 4-5 հազար ծաղիկ։ Լազուրի ափի ամենաչքնաղ մանեքենուհիները` դեկորատիվ փետուրներով և զարմանահրաշ ատլասե զգեստներով, քայլում են և ծաղիկներ նետում հավաքված մարդկանց վրա։ Տարբեր երկրներից հրավիրված երաժշտական և թատերական խմբերն իրենց տարաբնույթ համարներով է՛լ ավելի են թեժացնում տոնական տրամադրությունը։ Իսկ երեկոյան սկսվում է Լույսի շքերթը։ Մասսեն կենտրոնական հրապարակի մեջտեղում տեղադրվում է ահռելի չափերի հասնող մի կտավ, որի վրա նկարված են դիմակահանդեսային թեմաներ։ Վերջնական շքերթը տեղի է ունենում Բարեկենդանի օրը. ավանդույթի համաձայն` Ձերդ Պայծառափայլություն Դիմակահանդեսին այրում են խարույկի վրա, որը սովորաբար վառում են լողափում։
Կանարյան կղզիների
Կանարյան կղզիներում տեղի ունեցող դիմակահանդեսներն իրենց կարևորությամբ երկրորդն են Բրազիլիայի մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյի դիմակահանդեսից հետո։ Բոլոր նրանք, ովքեր ավելին են ուզում իմանալ Սանտա Կրուզ դե Տեներիֆեում անցկացվող դիմակահանդեսի մասին, պետք է փոքրիկ ճանապարհորդություն կատարեն դեպի հեռավոր XVIII դար։ Դեռևս այդ դարաշրջանում կղզու բնակիչներն իրենց տներում կազմակերպում էին հատուկ հանդերձանքներով պարահանդեսներ, որոնց ժամանակ կրում էին ամենախայտաբղետ գույների և կտրվածքների հագուստներ։ Մասնագետների կարծիքով՝ դիմակահանդեսների ժամանակ դիմակ կրելու սովորությունը ծնունդ է առել հենց այդ քաղաքում. գրեթե բոլոր ֆիեստաների ժամանակ Սանտա Կրուզ դե Տեներիֆեի կանայք Պիլար փողոց էին դուրս գալիս` դեմքները ծածկած։ Այս սովորությունը միայն ազնվական կանանց մենաշնորհը չէր։ Չանսալով եկեղեցու և տեղական իշխանությունների սպառնալիքներին` հասարակ բնակիչները սիրում էին ժամանակ առ ժամանակ պճնվել և տրվել փողոցային խրախճանքներին. պարեր, դիմակավորված ներկայացումներ և այլն։
Տոնախմբության ամենակարևոր գիշերն այն գիշերն էր, երբ ընտրում էին Դիմակահանդեսի թագուհուն։ Ի դեպ, աշխարհում կազմակերպվող ոչ մի մրցույթի թագուհու թագավորական կյանքն այնքան կարճ չի տևում, որքան այս դիմակահանդեսի թագուհունը` չնայած այն հանգամանքին, որ վերջինիս հանդերձանքի վրա ամիսներ շարունակ տքնաջան կերպով աշխատում են բազմաթիվ հայտնի կուտյուրյեներ և դերձակներ։ Ամիսներ են տևում, մինչև ի մի են բերվում բոլոր հնարավոր և անհնարին մտքերը, որպեսզի ընտրվող թագուհու հանդերձանքը լինի շլացուցիչ և անկրկնելի։ Նման հանդերձանքի քաշը երբեմն հասնում է 40 կգ։ Իսկ թագուհու տիտղոսին արժանանում է ամենահմայիչ, գեղեցիկ և... դիմացկուն աղջիկը։
Սանտա Կրուզ դե Տեներիֆեի դիմակահանդեսի ամենակարևոր մասը քաղաքի հրապարակում կազմակերպվող պարերն են, որոնց մասնակցում են հազարավոր դիմակավոր զույգեր։ Ոչ մի անցորդ անտարբեր չի կարողանում անցնել պարողների կողքով. ոտքերն ինքնըստինքյան սկսում են շարժվել ռիթմին համընթաց, և նա էլ ակամա դառնում է պարող ամբոխի մի մասնիկ։ Միակ բանը, որն անտեսել հնարավոր չէ, մարդու ինքնազգացողությունն է. պետք չէ մոռանալ, որ պարերը սկսվում են երեկոյան ժամը 8-ին և շարունակվում մինչև լուսաբաց։
Դիմակահանդեսային տոնախմբություններն ավարտվում են սաղմոնաձկան «հուղարկավորության արարողությամբ». ստվարաթղթե ձկան հետևից փողոցներով անցնում է սգավորների հոծ խումբը, և ամենուր լսվում են լացի և հեծկլտոցների ձայներ։ Ի դեպ, սգավոր «այրիների» դերում հանդես են գալիս բեղավոր տղամարդիկ։ «Սգո» արարողության ավարտին ստվարաթղթե սաղմոնաձկանն այրում են և մոխիրը թաղում լողափի այն հատվածում, որտեղ հաջորդ տարի պետք է տեղի ունենա դիմակահանդեսի բացման արարողությունը։
Կադիս
Իսպանիայի հարավում գտնվող Կադիս քաղաքում կազմակերպվող դիմակահանդեսն իր բնույթով տարբերվում է բոլոր մյուս տոնախմբություններից և մրցույթներից։ Իհարկե, այստեղ ևս կարևոր տեղում են դիմակահանդեսային հանդերձանքները, որոնք կարող են լինել թե ՛ անհատական, թե ՛ զույգի և թե ՛ ողջ ընկերախմբի համար։ Կադիսում ամոթանք են տալիս բոլոր նրանց, ովքեր քաղաքում լինելով հանդերձ բաց են թողնում այնպիսի կարևոր մի իրադարձություն, ինչպիսին «Կարուսել-երգչախմբի» ելույթն է։ Դիմակահանդեսի շրջանակներում իրականացվող այս յուրահատուկ միջոցառմանը մասնակցելու են գալիս հազարավոր տեղաբնակներ և զբոսաշրջիկներ, որպեսզի վայելեն և ընտրեն լավագույն երգերն ու կատարողներին։
«Խեղկատակների ժամանակը» Գերմանիայում
Գերմանիայում Հռենոսի երկայնքով ձգվող տարածքներում փետրվար ամսվա վերջն անվանում են «խեղկատակների եղանակ»։ Մեծ Պահքի առաջին շաբաթն ավետում է խելահեղ, գունեղ և զարմանահրաշ դիմակահանդեսի սկիզբը։ Դիմակահանդեսին սկսում են պատրաստվել կանխավ և այնպիսի մոլեռանդությամբ, որին գերմանացիներն անվանում են «վայրի լրջություն»։ 11-րդ ամսի 11-րդ օրվա ժամը 11-ին Մայնցում, Դյուսսելդորֆում, Քյոլնում և Բոննում կազմվում են դիմակահանդեսային կոմիտեներ, այնուհետև թվարկված քաղաքներից յուրաքանչյուրում աշխատանքը սկսում է եռալ. թարմացվում են հանդերձանքներն ու զարդարման պարագաները, քննարկվում պատվավոր քաղաքացիների թեկնածությունները, որոնք կարող են հավակնել «Դիմակահանդեսի արքայազն» տիտղոսին։ Ի դեպ, «վարդագույն երկուշաբթի» (այդպես են անվանում տոնախմբությունների վերջին օրը) օբեր-բուրգոմիստրը դիմակահանդեսի արքայազնին է հանձնում ռատուշայի (քաղաքապետարանի) բանալին և իշխանությունը։ Որպես կանոն, փողոցային տոնախմբություններին մասնակցում են բոլորը, բացառությամբ բժիշկների և ոստիկանների։
Երբ Նիդերլանդներն ապրում են առանց իշխանությունների
Ընդունված կարգի համաձայն` Նիդերլանդների Բուրգունդյան տարածքները, Լիմբուրգը և Հյուսիսային Բրաբանտն ամբողջությամբ տրվում են տոնական տարերքին։ Այդ օրերին ո՛չ տեղական, ո՛չ պետական կառավարման մարմիններ գոյություն չունեն. ամեն բան ղեկավարվում է ուրախ և աղմկոտ Դիմակահանդեսի կողմից, իսկ տոնախմբության մասնակիցների կողմից ընտրվող «Դիմակահանդեսի արքայազնը» դիմակահանդեսի ողջ տևողության ընթացքում փոխարինում է բուրգոմիստրին։
Դիմակահանդեսային երթը տեղի է ունենում սամբայի հնչյունների ներքո (այնպես, ինչպես Բրազիլիայում)։ Տոնախմբությունը սկսվում է շաբաթ օրը և շարունակվում մինչև երեքշաբթի։ Ամբոխը զվարճանում է երաժշտության հնչյունների և թմբուկների զարկերի ներքո, իսկ ոգելից խմիչքները գետի պես հոսում են փողոցներով։ Տեղացիների պնդմամբ` դիմակներն ու զարմանազան հանդերձանքները մի ողջ տարի վանում են չար ուժերին։
Հունգարիայում Բարեկենդանին թաղում են
Հունգարիայում կարելի է ականատես դառնալ զարմանահրաշ մի արարողության. բնական մորթիներից կարված հանդերձանքներով և գունեղ դիմակներով Մոխաչայի բնակիչները հրաժեշտ են տալիս ձմռանը։ Բոլորի ձեռքում չխկչխկաններ կան, որոնք իրենց արձակած աղմուկով մեկ ուրախացնում, մեկ վախեցնում են քաղաքի ապրողներին։ Դա ձմռանը հրաժեշտ տալու և գարունը դիմավորելու տոնն է, որն ավարտվում է Բարեկենդանի հուղարկավորության արարողությամբ։
Եթե այս տարի հնարավորություն չեք ունեցել մասնակցելու Դիմակահանդեսի տոնախմբությանը, մի՛ վհատվեք։ Դուք կարող եք ձեր տանն էլ կազմակերպել դիմակահանդես` պատրաստելով ավանդական դիմակահանդեսային ուտեստներ, որոնց պատրաստումն իրենից որևէ դժվարություն չի ներկայացնում։
Դիմակահանդեսի ժամանակ մարդիկ սովորաբար պճնվում են ամենաաներևակայելի հանդերձանքով։ Դրանցից ամենաբնորոշը (բաուտտան) վաղուց ի վեր մշակված է. այն բաղկացած է սև մետաքսից կարված գդակից, ժանեկահյուս թիկնոցից և լայնեզր վերարկուից (տաբարրո), եռածայր լայն գլխարկից և սպիտակ դիմակից, որն ամբողջությամբ ծածկում է դեմքը։ Դիմակն, անշուշտ, դիմակահանդեսի խորհրդանիշն է համարվում։ Այն անճանաչելի լինելու հնարավորություն է ընձեռում, մի փաստ, որը ձեռնտու էր հատկապես այն մարդկանց, ովքեր նախընտրում էին ծպտյալ մնալով տրվել թղթախաղի մոլուցքին ։
Ի դեպ, Գինեսի ռեկորդների գրքում արձանագրված մասնակիցների թվով ամենամեծ պարային դիմակահանդեսը տեղի է ունեցել հենց Տեներիֆեում 1987 թ.. այստեղ խենթ պարերի ռիթմերին է տրվել ավելի քան 200 հազ. մարդ։
Կարդացեք նաև
Մեկնելով օտար երկիր՝ հարկ է հաշվի առնել այդ երկրի ավանդույթները, գրում է sobesednik.ru-ն: Ահա մի քանի խորհուրդ արտասահմանցիներին, թե ինչ է կարելի ու ինչ չի...
Guardian Cities բրենդային բարոմետրը դասակարգում է մոլորակի քաղաքներն ըստ ամենատարբեր ցուցանիշների՝ սկսած տրանսպորտից ու եղանակից մինչև հանցագործության ու սոցիալական «անցուդարձի» մակարդակը: Ոչ բոլոր քաղաքների...
Աշնանային խոնավ եղանակը սարերի հետևում չէ, ուստի՝ շուտով տնային տնտեսուհիները կրկին բախվելու են թաց հագուստը փռելու ու այն չորացնելու խնդրին։ Ինչպես նշում է The Daily Mail-ը, բրիտանացի մասնագետները հատուկ նման իրավիճակի համար...
Արևոտ օրը կամ երեկոյան լամպի լույսով վառ լուսավորված պատին հստակ ստվերներ են հայտնվում: Ձեռքերը դրեք այնպես, ինչպես ցուցադրված է նկարներից մեկում, կանգնեք պատի մոտ այնպես, որ գլխի և ուսերի ստվերը չփակի ձեռքերի...
Business Insider պարբերականը հրապարակել է ամբողջ աշխարհի 25 լավագույն դեսերտների ցուցակը: Դրանում ընդգրկվել են ո՛չ միայն ավանդական քաղցրեղեններ...
Որքան հաճախ ենք մենք լսում՝ աչքերը հոգու հայելին են, սակայն ինչպես պարզվել է՝ մարդու բնավորության մասին կարող են պատմել ոչ միայն աչքերը, այլև...
Ո՞ր սուրճն եք նախընտրում: Սև սուրճ՝ առանց շաքարավազի – դուք ունեք ուժեղ բնավորություն: Երբեք չեք վախենում պատասխանատվությունից և չեք ամաչում սեփական սխալներից...
Առավոտ շուտ Մարիամի փոքր աղջիկն եկավ երեխաների հետ, հետո մեծ տղայի կինն ու դպրոցահասակ զույգ տղաները եկան, իսկ կեսօրից հետո արդեն գերդաստանը գրեթե ողջ կազմով հավաքվել էր հայրական...
Հոդվածում առանձնացրել ենք աշխարհի ամենազիլ կամուրջները, որոնց վրայով անցնելու համար, իսկապես, մեծ քաջություն կպահանջվի...
Այսօր հզոր մանրադիտակները բացահայտում են կյանքն իր բոլոր անհավանական մանրամասներով։ Ահա մի քանի նման նկարների օրինակներ, որոնք նոյեմբեր ամսին տեղադրվելու են Դալասի միջազգային օդանավակայանում...
Ամենայն հավանականությամբ, առաջին հայելին, որի մեջ մարդը տեսել է իր և շրջակա բնության արտացոլումը, ջուրն է, իսկ հաջորդը` օբսիդիանը` սատանի եղունգը...
Հոլանդիայի Զունդերտ շրջանում ամեն տարի անցկացվում է ծաղկային փառատոն, իսկ առաջին անգամ այն կայացել է 1936-ին։ Եվ հետաքրքրականն այն է, որ այս հսկայական և հրաշալի ծաղկային քանդակները...
Միաժամանակ մի շարք երկրներ տեսնել հնարավոր է միայն տիեզերքից։ Առավել հիասքանչ տեսարան է բացվում գիշերը։ Օրվա ցերեկային ժամերին մոխրագույն գծերն ու ուղղանկյունները...
Սթրիթ արտն արվեստի այն ուղղություններից է, որը բավական վիճահարույց է համարվում և ընդունելի է հասարակության ոչ բոլոր շերտերի համար...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն